22 սեպտեմբերի 2009 - 13:33 AMT
Սերժ Սարգսյանը հարցազրույց չի տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին
Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթում այսօր տպագրված իբր «բացառիկ հարցազրույցը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի «լրագրող» Եկատերինա Սաժնեւայի հիվանդ երեւակայության արդյունքը: Այդ «լրագրողին» եւ, ընդհանրապես, «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթին Հայաստանի Հանրապետության նախագահը որեւէ հարցազրույց չի տվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Ըստ Ֆարմանյանի, նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են եւ մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երեւի «լրագրողն» ապավինել է իր ակնհայտորեն կաղող «հիշողությանը»: Տեղի չունեցած «հարցազրույցում» նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից եւ չեն արտացոլում նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները:

Հավելեմ նաեւ, որ «լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով եւ խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ եւ ափսոսանք է առաջացնում: