24 սեպտեմբերի 2009 - 15:49 AMT
Ռուզան Առաքելյան. Դաշնակցության դիրքորոշումն ինքնանպատակ չէ
Հայաստանի համար պատմական պահ է, ժողովուրդը կրկին լուրջ մարտահրավերի առջեւ է կանգնել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ նրա, Դաշնակցությունն արդեն իր դիրքորոշումն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ այս արձանագրությունները լուրջ խմբագրման կարիք ունեն:

«Որքան էլ որոշ քաղաքական ուժեր կամ մտավորականությունն ասեն, թե ժողովուրդն անտարբեր է ինչպես ղարաբաղայն հարցի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ դա այդպես չէ»,-ասել է Ռ.Առաքելյանը` հավելելով, որ մտավորականության մեծ մասը, որը գտնվում է քաղաքական դաշտից դուրս, իր հավանությունն է տվել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ առաջարկություններին»,-ասել է ՀՅԴ-ից ԱԺ պատգամավորը:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը` Առաքելյանն ասել է, որ յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն ունի, նշելով, որ այդ կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սատարեց ՀՅԴ դիրքորոշմանը եւ իր ստորագրությունը դրեց արձանագրության մեջ ուղղումներ կատարելու մասին խմբակցության կոչի տակ: