24 սեպտեմբերի 2009 - 16:03 AMT
Գարի Կասպարովն Անատոլի Կարպովի հետ խաղում 4 պարտիայից հետո առաջատար դիրքում է 3:1 հաշվով
Վալենսիայում ավարտվել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարի Կասպարովի հոբելյանական դիմակայության առաջին փուլը: Այն կազմված էր չորս արագ մենամարտից` 25 րոպե ժամանակի հսկողությամբ+5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Սեպտեմբերի 22-ին երկու պարտիա է խաղացվել, որոնք ավարտվել են Կասպարովի հաղթանակով. երկու անգամ էլ Կարպովը չի տեղավորվել ժամանակի մեջ: Դիմակայության երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, Կարպովին հաջողվել է մեկ հաղթանակ տանել:

Սակայն ավարտական մենամարտում Կասպարովին հաջողվել է վերականգնել ստատուս-կվոն: Կարպովին կրկին ժամանակը չի բավարարել, եւ արդյունքում պարտիան ավարտվել է 33-րդ քայլում` այն պահին, երբ Կասպարովը, չնայած նյութական հավասարությանը, զգալի դիրքային առավելություն ուներ, իսկ Կարպովի ժամացույցը զրո էր ցույց տալիս:

Այդպիսով, խաղում հաշիվը դարձել է 3:1 ի օգուտ Կասպարովի:

Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա դիմակայության երկրոդ փուլը, որը կազմված է 8 բլից պարտիայից` հինգ րոպե հսկողությամբ+ 2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Վալենսիայում ընթացող խաղը, որը կավարտվի սեպտեմբերի 24-ին, առաջինը կլինի նախատեսված հինգ հանդիպումներից: Այնուհետեւ դրան կհետեւեն այլ խաղեր. վեց ամսվա ընթացքում երկու շախմատիստն էլ ծրագրում են խաղալ այն երկրներում, որտեղ 80-ական թվականներին պայքարել են չեմպիոնի կոչման համար: Բացի Իսպանիայից այդ երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Անգլիան եւ Ֆրանսիան: