24 սեպտեմբերի 2009 - 16:49 AMT
Ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամ
Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու խորհրդի որոշմամբ ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամը:

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հիմնադրամի նպատակը Երեւանի տարածքում գտնվող Էրեբունի ուրարտական հնագույն ամրոցի բարեկարգումն է:

«Մենք կարող ենք բարեկարգել մեր մայրաքաղաքի խորհրդանիշը` Էրեբունի ամրոցը, պետությունների կամ բարերարների օգնությամբ, սակայն նպատակահարմար է, որպեսզի այդ պատասխանատու եւ պատվավոր գործին ձեռնամուխ լինենք մենք` երեւանցիներս»,- հայտնել է Գագիկ Բեգլարյանը:

Էրեբունին Ուրարտու պետության հնագույն քաղաքն է, որի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա` ժամանակակից Երեւանի ծայրամասում: Էրեբունին հիմնադրվել է ուրարտական Արգիշտի I արքայի կողմից մ.թ.ա 782` որպես Արարատյան դաշտում ուրարտացիների ամրապնդման հենակետ: