24 սեպտեմբերի 2009 - 17:15 AMT
ԱրմենՏելն ու FiberNet-ը գերիշխող են ճանաչվել Հայաստանում մեծածախ ինտերնետի շուկայում
ԱրմնեՏել (ապրանքանիշը` Beeline) եւ FiberNet Communications հեռահաղորդակցական ընկերությունները Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) կողմից գերիշխող են ճանաչվել ինտերնետ գլոբալ ցանցի հասանելության ապահովման հայկական շուկայում:

ՏՄՊՀ տվյալներով, ԱրմենՏել-ին բաժին է ընկնում գնվող տրաֆիկի 53.9 տոկոսը, իսկ մնացած 46.1 տոկոսը FiberNet Communications-ի բաժինն է:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱրմենՏելի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանն իր վրդովմունքն է հայտնել երկու պետական ատյանների գործունեության անհամաձայնության առնչությամբ: Ինչպես նա մեկնաբանել է, Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը եւ ՏՄՊՀ-ը որոշում են կայացնում միեւնույն հարցի շուրջ` ղեկավարվելով տարբեր չափանիշներով, ինչի հետեւանքով երկու տարբեր որոշումներ են կայացվում: Դավիթ Սանդուխչյանը նաեւ հաղորդել է, որ ՀԾԿՀ-ը նախկինում շուկայի այդ հատվածում գերիշխող դիրքի որոշման համար մի չափանիշ էր սահմանել, ըստ որի գերիշխող է համարվում այն օպերատորը, ում պատկանում է տվյալ շուկայի ընդհանուր ծավալի առնվազն մեկ երրորդը:

Այդ առնչությամբ նա նշել է, որ տվյալ ոլորտում անհրաժեշտ են օրենսդրական ուղղումներ, եւ ավելացրել է, որ որոշումն ինքնին ընկերությանն առանձնապես չի հետաքրքրում: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱրմենՏելն առաջատար դիրքում է երկրում ինտերնետի շուկայում, սակայն, այժմ մենք չգիտենք, թե որ հատվածում ենք գերիշխող»: Դավիթ Սանդուխչյանը նաեւ ավելացրել է, որ պետական ատյանների գործունեությունում անորոշությունը խանգարում է ներդրումների ներգրավմանն ու, որպես այդպիսին, բիզնեսի իրականացմանը: