24 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT
Ռ.Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» Օսկարի հավակնորդ է
Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «Օսկար-2010» կինոմրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմեր» անվանակարգում:

«Օսկար» Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կանոնադրության համաձայն, հայտերը պետք էր ներկայացնել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ը: Ինչպես հայտնել է Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Քրիստինա Ղուշչյանը, իրենք մոտ երկու ամիս առաջ են նամակ ուղարկել մրցանակաբաշխության կազմակերպիչներին:

Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռուբեն Գեւորգյանցը, ռեժիսորներն են` Ռուբեն Գեւորգյանցը, Վահե Գեւորգյանցը: Ֆիլմը նվիրված է Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերային:

«Հրաշագործի աշունը» 2008 թ. «21-րդ դարի նորկինո» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ «Ոսկե դափ» մրցանակի (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008) եւ ՀՀ նախագահի մրցանակի (2009):

Նշենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2010 թ. մարտի 7-ին` «Կոդակ» համալիրում: