24 սեպտեմբերի 2009 - 21:11 AMT
Հայաստանը շարունակում է եվրաինտեգրման գործընթացը
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչի գլխավորած պատվիրակության հետ:

Տիկին Զոհրաբյանը գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում` նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները Լեհաստանի հետ, խորացնելով համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ` առավել ակտիվացնելով խորհրդարանական համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է, նշելով, որ Հայաստանն իրապես կարեւորում է ԵՄ-ի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Լեհաստանը` որպես ԵՄ անդամ եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնող երկիր, մեծ դեր կարող է ունենալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների միջեւ համագործակցություն ծավալելու գործում, ինչը տարածաշրջանի կայուն զարգացման հնարավորություն կստեղծի:

Պարոն Միկոլայ Դովգելեւիչն ասաց, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվացնելու համար առաջնահերթությունները ուրվագծելու եւ համատեղ ծրագիր մշակելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունը արդեն հանդիպել է ՀՀ նախագահի հետ, քննարկվել է ազատ առեւտրի համաձայնագիր ունենալու հարցը, ինչը հանրապետության ղեկավարի հավանությանն է արժանացել: Նա նշեց, որ խնդրի լուծման համար Հայաստանի եւ ԵՄ-ի օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտություն է առաջանալու, եւ այս գործում ՀՀ խորհրդարանի, մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի դերը չափազանց մեծ է լինելու:

Կողմերը կարեւորեցին «Եվրանեսթի»` գործընկերության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, ինչը հնարավորություն կտա խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ռեսուրսի գործադրմամբ լուծել եվրոինտերգման բազում ասպեկտներին առնչվող խնդիրներ:

Քննարկվեցին նաեւ վիզաների ազատականացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: