25 սեպտեմբերի 2009 - 01:39 AMT
Վարդան Մինասյան. Խաղը լարված էր, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթի խաղի ավարտից անմիջապես հետո, որի ժամանակ նրա սաներն «Արարատ»-ին զիջել էին 1:2 հաշվով, մեկնաբանել է իր սաների խաղը եւ բացատրել պատճառը, թե ինչու էր «Փյունիկ»-ն այդպիսի կարեւոր խաղին մասնակցել երկրորդ կազմով:

«Խաղը լարված էր, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր: Ես շատ գոհ եմ մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստների խաղով: Իհարկե եղել են մարտավարական եւ դիրքային սխալներ, սակայն դա բնական է այդպիսի խաղի համար: Մենք դաշտ էինք դուրս եկել երկրորդ կազմով, քանի որ ՀՖՖ-ն չէր տեղափոխել Հայաստանի առաջնության 23-րդ փուլի հանդիպումը «Ուլիսի» հետ: Բացի դրանից, հիմնական կազմի վեց ֆուտբոլիստի հաշվին գրանցվել է երկուական դեղին քարտ, եւ ես որոշեցի ռիսկի չդիմել, քանի որ առաջիկա հանդիպումը շատ մեծ կարեւորություն ունի մեր համար», - նշել է Մինասյանը:

«Փյունիկ»-ի կազմը Հայաստանի սուպերգավաթի խաղին.

Դարպասապահ. Էդվարդ Հովհաննիսյան;
Պաշտպաններ` Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Վահե Կասաբոլյան, Արտակ Անդրիկյան;
Կիսապաշտպաններ` Արամ Հովսեփյան, Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Նորայր Սահակյան;
Հարձակվողներ` Մարկոս Պիցելի, Ալբերտ Հովակիմյան:

Պահեստայիններ` Գրիգոր Մելիքսեթյան (դարպասապահ), Հայկ Չիլինգարյան, Գեւորգ Խաչատրյան, Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Վարդանյան, Սեդրակ Շահբազյան, Խորեն Մանուչարյան: