25 սեպտեմբերի 2009 - 15:04 AMT
Երեւանում կայանալիք CSIT-2009 գիտաժողովում կքննարկվեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերը
Սեպտեմբերի 28-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնում, գիտաժողովին ներկա կլինեն 200-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 62 մասնակից ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած ուսանողներ:

CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի եւ միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, ինչպես նաեւ կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը եւ խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզուե, ,Հայկական ազգային GRID նախաձեռնությունե, «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը եւ հեռանկարները» թեմաներով:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաեւ ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն ,Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջե թեմայով կլոր սեղանի ընթացքում: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 2-ը: