25 սեպտեմբերի 2009 - 17:18 AMT
Հայ ուսուցիչները պարգեւատրվել են «Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակով
ԱՊՀ երկրների երիտասարդ ուսուցիչների «Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի Քիշնեւում` ԱՊՀ մասնակից երկրների ստեղծագործական եւ գիտական մտավորականության IV համաժողովի ընթացքում: Դափնեկիրների թվում է նաեւ Երեւանի 198 դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Խաչատրյանը եւ Արգե գյուղի Վախթանգ Անանյանի անվան դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդել է համաժողովի մամլո քարտուղար Ա.Կալուգինը, մրցանակը հանձնել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն եւ Մոլդովայի պետհամալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին: Այս տարի դափնեկիրներ են դարձել ուսուցիչներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, ՌԴ-ից ու Տաջիկստանից:

«Դեբյուտների համագործակցություն» ամենամյա միջազգային մրցանակը հանձնվում է ԱՊՀ երկրներում անցկացվող հումանիտար համագործակցության ոլորտում լավագույն ստեղծագործության, աշխատանքի կամ նվաճման համար: 2008թ. մրցույթն անց էր կացվում երիտասարդ բանաստեղծների շրջանում, 2009-ին` երիտասարդ մանկավարժների շրջանում: Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ մինչեւ 30 տարեկան քաղաքացիները: