25 սեպտեմբերի 2009 - 21:37 AMT
Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա
Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Միկաել Սպինդելլեգերը, ով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ
նախարարների հետ:

«Կովկասում մեզ նոր համաձայնագիր է հարկավոր», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը` հորդորելով իր գործընկերներին լինել իրատես: Ավստրիացի նախարարի խոսքերով` Կովկասի կոնֆլիկտները խնդիր են հանդիսանում, մասնավորապես ԵՄ-ի համար:

«Այսօր ԵՄ-ն հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանում` նշանակալի ներդրում ունենալով ողջ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման գործում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես մնանք. քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այդ իսկ պատճառով զգացվում է այս տարածաշրջանում Եվրոպայի մասնակցության կարիքը: Եվրոպան չպետք է եւ չի շրջվի իր մերձավոր հարեւաններից», - ասաց Միկաել Սպինդելլեգերը: Այս մասին հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ մամլո ծառայությունը: