25 սեպտեմբերի 2009 - 21:58 AMT
Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբին քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանրապետության նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգը: Նրանք համակարծիք են եղել, որ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը համագործակցության զգալի ներուժ է պարունակում եւ նոր բովանդակություն կհաղորդի հարաբերություններին:

Նախագահ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից ետքայլի որեւէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը:

Փիթեր Սեմնեբին իր հերթին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին եւ հույս հայտնել, որ Հայաստանի այս պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: