25 սեպտեմբերի 2009 - 22:51 AMT
Ճապոնական «ASICS»-ը դարձել է Հայաստանի սպորտային գերատեսչությունների նոր դիստրիբյուտորը
Երեւանում տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարության, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի եւ ճապոնական ASICS կորպորացիայի միջեւ: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել են սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, իսկ ճապոնական ֆիրման ներկայացնում էր «ASICS RUS»-ի գլխավոր տնօրեն Իգոր Ֆոմինը:

Այս համաձայնագրով ASICS-ը դարձավ Հայաստանի սպորտային գերատեսչությունների մարզահագուստի պաշտոնական դիստրիբյուտորը:

Հայաստանում կստեղծվի ASICS-ի կենտրոն, որի շնորհիվ Հայաստանի հավաքականների մարզիկներն ու մարզիչները կներկայանան 2010թ. Վանքուվերի Օլիմպիական եւ Լոնդոնում 2012թ. խաղերին ճապոնական ապրանքանիշի մարզահագուստով:

ASICS-ը մարզահագուստի եւ կոշիկի խոշորագույն արտադրողներից մեկն է: Կորպորացիան ստեղծվել է 1949թ. Ճապոնիայում: ASICS հապավումը նշանակում է «Առողջ մարմնում առողջ ոգի»: Կորպորացիան աշխարհում 5-րդ տեղն է գրավում վաճառքի ծավալներով: