26 սեպտեմբերի 2009 - 18:38 AMT
Հայաստանում Ալլա Պուգաչովայի ներդրած ստեղծագործական ավանդը մի ամբողջ սերունդ է դաստիարակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, անվանի երգչուհի Ալլա Պուգաչովային: Ողջունելով լեգենդար երգչուհուն` նախագահ Սարգսյանն ասել է. «Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ»:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ալլա Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի` այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գեղագիտական, երաժշտական դաստիարակության գործում եւ ասել. «Այդ հանգամանքը նաեւ նկատի առնելով` սեպտեմբերի 24-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ձեզ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին»:

Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի բարձրագուն պետական պարգեւը` տաղանդաշատ երգչուհին ընդգծել է. «Շատ հուզված եմ ու երախտապարտ: Իմ հրաժեշտի շրջագայության ընթացքում ես չէի կարող չայցելել այս հրաշալի երկիրը, որն ինձ ոգեշնչման այնքան պահեր է պարգեւել, եւ որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այնքան մեծ թվով զարմանահրաշ ու տաղանդավոր մարդկանց հետ»: Նշելով, որ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է մեկ ճշմարտությամբ` ծառայել իր ժողովրդին ու երկրին, Պուգաչովան ասել է. «Այդ դեպքում գործդ իմաստավորվում է եւ հասկանում ես, որ կյանքդ իզուր չես ապրում»:

Անվանի երգչուհին Հանրապետության նախագահին պատմել է իր հետագա ծրագրերի մասին:

Ալլա Պուգաչովան նաեւ ասել է, որ երկար տարիներ չէր եղել Երեւանում եւ նկատել է, որ քաղաքն ավելի է գեղեցկացել: