26 սեպտեմբերի 2009 - 20:33 AMT
Հայ շախմատիստները պատանեկան Օլիմպիադայում առաջին երկու տուրերում հաղթել են Թուրքիայի հավաքականներին
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը (մինչեւ 16 տարեկան) հաջող է մեկնարկել Համաշխարհային պատանեկան շախմատային օլիմպիադայում, որը սեպտեմբերի 24-հոկտեմբերի 4 ընթանում է թուրքական Ահիսար քաղաքում:

Հայաստանի ընտրանին առաջին տուրում 3:1 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիայի կանանց հավաքականներից մեկի հանդեպ:

Հայաստանի հավաքականը երկու տուրերից հետո 6,5 միավորով մրցաշարային սանդղակի 4-րդ հորիզոնականը: 8 միավորով սանդղակը գլխավորում է Վրաստանի հավաքականը, երկրորդ տեղում հնդկական ընտրանին է, որը նույնպես 8 միավոր է հավաքել, իսկ առաջին եռյակը 7 միավորով ամփոփում է Թուրքիայի հավաքականներից մեկը, որի հետ Հայաստանի հավաքականը հանդիպում կունենա 3-րդ տուրում:

Օլիմպիադային մասնակցում են 22 թիմեր, այդ թվում` 6 թիմեր Թուրքիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանի ղեկավարությամբ ներկայացնում են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վահե Բաղդասարյանը: