26 սեպտեմբերի 2009 - 20:58 AMT
Ուղիղ 140 տարի առաջ ծնվել է հայ երաժշտության դասական Կոմիտասը
140 տարի առաջ, 1869 թ-ի սեպտեմբերի 26-ին ծնվել է Սողոմոն Սողոմոնյանը, որին ամեն հայ եւ ողջ երաժշտական աշխարհը ճանաչում է որպես Կոմիտաս` չտեսնված երաժշտական տաղանդի տեր մարդու:

Հայ կոմպոզիտոր, գիտնական, երաժշտական ազգայնագետ, երաժշտության տեսաբան, խմբավար, մանկավարժ, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, հասարակական գործիչ, սակայն եւ այդ թվարկությունը չի ընդգրկում Կոմիտասի ողջ գործունեությունը:

«Մտածելով Կոմիտասի մասին, ես սկսում եմ լիաթոք շնչել Հայաստանի օդով: Լսելով նրա երաժշտությունը դառնում եմ ծարավից տառապող պանդուխտ, որն անհագուրդ խմում է անաղարտ աղբյուրից:

Կոմիտասի երաժշտությունն անաղարտ աղբյուր է, որը նույնքան պոետիկ է, որքան եւ կենարար: Կոմիտասը կար եւ կլինի իմ մեծագույն ուսուցիչը», - ասել է նշանավոր կոմպոզիտոր` Արամ Խաչատրյանը:

1893 թ-ին Կոմիտասը ավարտել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը: 1896-99 թթ. Բեռլինում ուսումնասիրել է երաժշտության պատմություն եւ տեսությունը: 1899 թ-ց ապրել է Էջմիածնում` ղեկավարելով երաժշտական դասարաններ եւ հոգեվոր ճեմարանի երգչախումբը: Եկեղեցական պահպանողական շրջանակների հետ բախման հետեւանքով 1910 թ-ին տեղափոխվել է Կոնստանտնոպոլիս: 1919 թ-ից ապրել է Փարիզում: Կյանքի վերջին 20 տարիներինմ տառապում էր ծանր հոգեկան հիվանդությամբ: 1936 թ-ին Կոմիտասի աճյունը Փարիզից տեղափոխվել է Երեւան:

Կոմիտասը` հայկական երաժշտության դասականն է, երգչախմբային բազմաձայնության վարպետ, հայկական գիտական ազգագրության հիմնադիր: Ժողովրդական երգերի ուսումնասիրող եւ հավաքող: Նա կազմել է ժողովածուներ, որոնք ներառում են հայ ժողովրդի բազմադարյան ստեղծագործությունների նմուշներ: Կոմիտասի հոդվածները նորություն էին բանահյուսոթյան մեթոդաբանության մեջ: Որպես երգիչ, երգչախմբի ղեկավար եւ դասախոս, նա քարոզում էր հայկական ժողովրդական երաժշտությունը Կովկասում, Արեւմտյան Եվրոպայում, զեկույցներով հանդես էր գալիս միջազգային երաժշտական կոնգրեսներում: Նրա գործունեությունը նպաստել է ազգային կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը: