28 սեպտեմբերի 2009 - 16:14 AMT
17 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի քան 1000 նախագիծ է իրականացրել
Սեպտեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Հայփոստ» ՓԲԸ հոկտեմբերի 1-դեկտեմբերի 31 Հայաստանի ողջ տարածքում նվիրատվություն հավաքելու վերաբերյալ համագործակցության մասին համաձայնություն են ստորագրել:

«Յուրաքանչյուր ամիս մենք նոր նախագիծ ենք սկսում»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` ավելացնելով, որ հիմնադրամը սկսել է հիվանդանոցի շինարարությունը Ստեփանակերտում, քաղաքում կկառուցվեն նաեւ 7 նոր դպրոցներ: Ընդ որում, նա նշել է, որ շուտով Գորիսում կկառուցվի սրտաբանական հիվանդանոց: Վարդանյանի խոսքով, հիմնադրամը շատ նախագծեր է նախատեսում, որոնք ծրագրում է իրականացնել մոտ ժամամակներս:

«Միջոցների հավաքման ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Գյումրիում»,- ասել է Վարդանյանը` նշելով, որ դա արդյունքն է այն բանի, որ հիմնադրամն իր նախագծերի մեծ մասն իրականացրել է հենց այնտեղ:

Նա նաեւ հայտնել է, որ «Հայաստան» հիմնադրամը մտադիր է սկսել նոր նախագծերի իրականացումը ԼՂՀ-ում:

«17 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի քան 1000 նախագիծ է իրականացրել $200մլն-ի չափով»,- ասել է Վարդանյանը` ընդգծելով, որ «Հայփոստի» օգնությամբ անցյալ տարվա ընթացքում հիմնադրամին հաջողվել է 12մլն դրամ հավաքել: Նման ակցիաներ ծրագրվում է անցկացնել նաեւ Ֆրանսիայում ու Կալիֆոռնիայում, մասնավորապես` Լոս-Անջելեսում: