28 սեպտեմբերի 2009 - 20:12 AMT
Համբիկ Սարաֆյան. Սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները չեն համընկնում
Սփյուռքը չի կարծում, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը կբարելավի Հայաստանի դրությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԱՄՆ-ում Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Համբիկ Սարաֆյանը: Նրա խոսքով, Արձանագրություններում կան կետեր, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար: Նա նաեւ նկատել է, որ թուրքական կողմն ավելի լավ է պատրաստվել բանակցություններին եւ փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե «ինչպես է ինքը լուծում հարցերը Հայաստանի հետ»:

«Հայաստանի իշխանություններն իրավասու չեն Սփյուռքի անունից Հայոց ցեղասպանության հարցի շուրջ բանակցություններ վարել»,- ասել է Սարաֆյանը` ավելացնելով, որ Սփյուռքը սխալ է համարում մեկնաբանել Հայաստանի քաղաքականությունը: Նա նաեւ ընդգծել է, որ սփյուռքի առաջացումը իրականացված Հայոց ցեղասպանության հետեւանքն է:

«Սփյուռքն ապրել եւ շարունակում է ապրել Հայոց ցեղասպանության հարցով»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը չի կանգնեցնի սփյուռքին, եւ վերջինս շարունակելու է պայքարել հանուն արդարության:

Սարաֆյանը նաեւ նշել է, որ Սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները չեն համընկնում: «Հայաստանն ու Սփյուռքը պետք է հանձնաժողով ստեղծեն, որը կորոշի, թե ով ինչպիսի հարցերով է զբաղվելու»,- ընդգծել է Համբիկ Սարաֆյանը: