28 սեպտեմբերի 2009 - 21:04 AMT
Ստեփան Սաֆարյան. Հայ-թուրքական պայմանագրի կետերը հեռահար նպատակներ են հետապնդում
«Թուրքիան արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կստորագրեն հայ-թուրքական Արձանագրությունները, բայց մեր տվյալների համաձայն, դրանք ստորագրելու են երկու երկրների ոչ թե նախարարները, այլ նախագահները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:

Խոսելով հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների բացասական կողմերի եւ ռիսկերի մասին` Սաֆարյանն ընդգծել է, որ եթե այդ փաստաթղթերում չկան կոծկված նախապայմաններ, տարօրինակ է, որ իշխանությունները չեն համաձայնում Արձանագրություններից հանել վիճելի կետերը: «Եթե այդ կետերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ նախապայմաններ չեն ներառում, ապա տրամաբանությունը հուշում է, որ դրանցից շատ հանգիստ կերպով կարելի է հրաժարվել»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:

Սաֆարյանի կարծիքով, եթե միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանությունների մակարդակով Արձանագրությունների մեջ փոփոխություններ ներմուծելն անընդունելի է, ապա ընդդիմությունը ստիպված է առավել վստահորեն համարել, որ պայմանագրի կետերը հեռահար նպատակներ են հետապնդում: