29 սեպտեմբերի 2009 - 12:31 AMT
Հայաստանը երախտապարտ է Գերմանիայի կառավարությանը եւ KfW բանկին ցուցաբերած աջակցության համար
Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնության Հանրապետության կառավարությանը եւ KfW բանկին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Ըստ նրա, KfW բանկի հետ փոխգործակցության անցած տարիները ցույց են տվել, որ հնարավոր է շատ լավ արդյունքների հասնել:

Զրույցի ընթացքում կարեւորվել են Հայաստանում բանկի կողմից իրականացվող ֆինանսական, հատկապես հիպոթեքային շուկայի, համայնքային զարգացման եւ էներգետիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ աղետի գոտու սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերը, որոնք հուզում են բանկին, գտնվում են նաեւ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ավարտին, կարեւորելով ծրագրերի շարունակականության ապահովումը, ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել KfW բանկի` մեր երկրում հետագա գործունեությանը եւ հավաստել փոխշահավետ համագործակցությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: