29 սեպտեմբերի 2009 - 16:17 AMT
Գագիկ Բեգլարյանը կմասնակցի Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների 30-րդ գլխավոր վեհաժողովին
Հոկտեմբերի 2-ին Փարիզում տեղի է ունենալու Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը, որի կմասնակցի նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հայաստանը մեկ տարի առաջ է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։

Հայ-ֆրանսիական խորհրդակցությունները նախատեսված են 2010թ. սեպտեմբերին, նպաստելու են մեր երկու երկրների միջեւ առկա կապերի սերտացմանը եւ հաստատելու են երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը։
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի մեկին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդես է գալուողջույնի խոսքով:

2006 թվականին Փարիզում կազմակերպված ժողովից ի վեր, որին մասնակցել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների նման մեծաթիվ ներկայացուցիչներ մինչ օրս երբեք չեն համախմբվել` իրենց համագործակցության ապագայի շուրջ համատեղ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են համագործակցության զարգացման եւ այդ նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու հարցեր:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության, Գագիկ Բեգլարյանի Փարիզ կատարած այցին կհաջորդի Պրովանս-Ալպ-Կոդ դ'Ազյուր շրջանի նախագահ Միշել Վոզելի այցը Հայաստան: