29 սեպտեմբերի 2009 - 17:17 AMT
Ստեփանակերտում նշում են ՀԱԵ Արցախյան թեմի վերստեղծման 20-ամյակը
Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարեւորել է Վեհափառ հայրապետի այցը Լեռնային Ղարաբաղ, նշելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի մեր հանրապետությունում հոգեւոր կյանքի զարգացմանը:

Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման եւ Արցախում եկեղեցական կարեւոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: Նախագահը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը քննարկման ենթակա չեն:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: