29 սեպտեմբերի 2009 - 21:36 AMT
Հայաստանի վարչապետը մասնակցել է «Doing Business 2010» զեկույցի քննարկմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ կազմակերպված «Doing Business 2010» թեմայով քննարկմանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման խնդիրները եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է բարելավել «Doing Business» զեկույցում արտացոլված ցուցանիշները: «Չնայած առաջընթացին, լուրջ ու հետեւողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն օրենսդության, այլեւ վարչարարության պրակտիկայի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի դիրքի յոթ տեղով բարձրացումը գոհացուցիչ չի համարել: «Այս առումով անելիքներ կան, որոնցում հաջողություն ունենալու համար կարեւոր է մասնավորի եւ հասարակական կազմակերպությունների ու պետության գործակցությունը»,- նշել է վարչապետը:

Քննարկումը նվիրված էր բիզնես միջավայրի խնդիրներին, որոնք հիմնված են «Doing Business 2010»-ի հետազոտությունների վրա: Հետազոտության խորագիրն է «Բարեփոխվելով դժվար ժամանակներում», որ թվով 7-րդ տարեկան զեկույցն է` հրատարակված Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից:

Զեկույցում նշվել է, որ այս տարի Հայաստանն իր դիրքերը բարելավել է` անցյալ տարվա 50-րդ տեղից հասնելով 43-րդին համաշխարհային 183 տնտեսությունների շարքում: