29 սեպտեմբերի 2009 - 22:40 AMT
ԱՊՀ երկրների վճարային համակարգերի մասնագետները իրենց փորձը կփոխանակեն Երեւանում
Սեպտեմբերի 29-ին Երեւանում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության աշխատանքային խմբի (CISPI) 4-րդ նստաշրջանը, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարեւոր է ոչ միայն բանկային համակարգի եւ ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման, այլեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար: Նա նշեց, որ ԱՊՀ երկրներն այս ոլորտում միանման փորձ ունեն, եւ այս առումով, նրանց փորձառությունները եւ անցած ուղին կարող են օգտակար լինել միմյանց համար: ԿԲ նախագահի տեղակալը կարեւորեց այս ոլորտում սպառողների ֆինանսական գրագիտության եւ նրանց շահերի պաշտպանության խնդիրը:

Զեկույցներով հանդես են գալու Համաշխարհային բանկի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները: