30 սեպտեմբերի 2009 - 19:24 AMT
ՅՈՒՆԵՍԿՈ-ն ավարտում է համաշխարհային պատմության վերաբերյալ իր աշխատությունը, որի ստեղծման համար պահանջվեց 57 տարի
Ավարտվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխատանքը «Համաշխարհային պատմություն եւ Տարածաշրջանների պատմություն» 51-հատորյակի հրատարակման շուրջ: Եզակի աշխատության ստեղծմանը մասնակցել են ավելի քան 1800 պատմաբաններ եւ այլ ոլորտի մասնագետներ: Աշխատությունը կազմելու համար պահանջվեց 57 տարի:

Նշելով այդ իրադարձությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ն սիմպոզիում է անցկացնում, որը տեղի կունենա կազմակերպության կենտրոնակայանում հոկտեմբերի 5-6-ը: Սիմպոզիումի մասնակիցները կարծիքներով կփոխանակվեն այն մասին, թե ինչպես այդ եզակի աշխատանքի պտուղներն առավել հասանելի դարձնել դպրոցականների, ուսանողների եւ զանազան երկրների քաղաքացիների համար:

Ավարտվող աշխատանքը ներառում է վեց ժողովածու` «Մարդկության պատմություն», «Աֆրիկայի ընդհանուր պատմություն», «Կարիբյան ավազանի ընդհանուր պատմություն», «Լատինական Ամերիկայի ընդհանուր պատմություն», «Կենտրոնական Ասիայի քաղաքակրթությունների պատմություն», «Իսլամական աշխարհի զանազան կողմերը»: