30 սեպտեմբերի 2009 - 23:34 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տալիս Երեւանի քայլերին` ուղղված Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Նյու Յորքում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանըգոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը հաջողությամբ ընթանում են ու կարեւորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրումը եւ արդյունավետ իրագործումը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Նույն օրըՄԱԿ-իկենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՀՀ անունից ստորագրեց Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը եւ Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: