1 հոկտեմբերի 2009 - 18:14 AMT
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ապացուցում է, որ հավերժ թշնամիներ չեն լինում
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ապացուցում է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, այլ լինում են հավերժ շահեր: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է «Ազրի» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխազ Գուլաշվիլին: «Պարզ է մի բան, որ առանց այդ գործընթացին ԱՄՆ եւ Ռուսաստանի մասնակցության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն անհնար է լուծել»,- ասել է վրացի փորձագետը: Նրա խոսքով, հաշվի առնելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը, Ռուսաստանը նույնպես պետք է բացի սահմանը Վրաստանի հետ, հակառակ դեպքում Մոսկվան կարող է խաղից դուրս մնալ:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Նրա խոսքով, եթե այդ հարաբերությունների կարգավորման շուրջ ջանքերը հաջողությամբ պսակվեն, դա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանն ավելի բաց կդառնա աշխարհի համար: «Բացի դրանից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր ազդեցությունը կունենա նաեւ Հարավային Կովկասի տնտեսական հնարավորությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա»,- հայտնել է Օկսանա Անտոնենկոն: