2 հոկտեմբերի 2009 - 16:36 AMT
Ոչ ոք չի կարող ստիպել Ղարաբաղի ժողովրդին ընդունել հակամարտության կարգավորման իր համար անընդունելի սկզբունքները
Թուրքիան չի հրաժարվի որպես նախապայման ղարաբաղյան կարգավորման հարցի առաջադրումից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեվչենկոն: «Ղարաբաղյան հակամարտությունը երկկողմ հակամարտություն չէ եւ այն չի կարելի այդպես ընկալել: Սա մի հակամարտություն է, որտեղ կան նաեւ այն ուժերի շահերն ու համակրանքը կամ հակակրանքը, որոնք անմիջական կապ չունեն խնդրի հետ»,-ասել է նա:

Ըստ ռուս լրագրողի, առաջխաղացումը Ղարաբաղի խնդրի լուծման հարցում կապվածէ հայերից ու ադրբեջանցիներից: «Եթե ղարաբաղցիներին դուր չգան առաջարկված տարբերակները, ապա ոչ Երեւանը, ոչ Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը չեն կարող ստիպել նրանց ընդունել այդ սկզբունքները: Եվ այդ դիրքորոշումը հասկանալի է, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանել եւ դա է օբեյկտիվ իրականությունը»,-ասել է Շեվչենկոն:

Նա հավելել է, որ, հաշվի առնելով այդ իրողությունը, Հայաստանը չպետք է վախենա Թուրքիայի հետ երկխոսությունից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կտա հայկական կողմին: Ելնելով դրանից, լրագրողն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարեւորագույն գործոն են, այդ թվում նաեւ ղարաբաղյան կարգավորման համար, քանի որ Անկարան ոչ մի դեպքում չի հրաժարվի Բաքվից եւ չի դավաճանի նրան: