2 հոկտեմբերի 2009 - 18:21 AMT
Երեւանում բացվել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման II միջազգային փառատոնը
Երեւանում բացվել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման II միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է CITY FM (Հայաստան) ռադիոընկերության կողմից` ՀՀ Մշակույթի նախարարության եւ ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության Միջպետական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանըի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Վրաստանի ռադիոընկերությունների ներկայացուցիչները, որոնք լիովին կամ մասնակի ռուսերեն լեզվով են վարում հաղորդումները:

Փառատոնի նպատակն է` միջմշակութային փոխանակումը եւ մշակույթների երկխոսության զարգացումը ԱՊՀ երկրներում, մարդասիրական արժեքների տարածումը, միջպետական համագործակցության ամրապնդումը:
Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական եւ մեդիատեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակումը եւ իրագործումը, համատեղ մարդասիրական միջտարածաշրջանային նշանակության ռադիոնախագծերի ստեղծումը` «Մեր բարեկամների մոտ» եւ «Բարեկամության բառարան»:
Փառատոնի հիմնական իրադարձություններից մեկը կլինի ռադիոհեռարձակողների մրցույթը եւ մրցանակների շնորհումը 6 անվանակարգով` «ԱՊՀ-ը երկրներում ռուսալեզու հեռարձակման զարգացման գործում ունեցած ներդրման համար», «Տեղեկատվական ծրագիր (տեղեկատվական-վերլուծական)», «Մշակութային ծրագիր», «Մասնագիտացված ծրագիր(կրթական, առողջապահական, տնտեսական, մանկական եւ այլն)», «Ռուսաց լեզվի մասին ծրագիր», «Եթերի ձեւավորում»: