3 հոկտեմբերի 2009 - 20:05 AMT
Արքեպիսկոպոս Զաքարյան. Սփյուռքը դեմ չէ սահմանի բացմանը եւ Անկարայի հետ հարաբերությունների հաստատմանը
Որպես Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ հայկական Սփյուռքի ներկայացուցիչները շատ զգայույն են հայ-թուրքական հարաբերությունների հարցում եւ նրանց կարելի է հասկանալ: Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը:

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան` «Սփյուռքի մեր ժողովուրդն այդ փաստաթուղթը կարդալով` բավական տարաբնույթ մեկնաբանություններ է անում եւ նրանց կարելի է հասկանալ: Եվ այս համատեքստում նախագահի այցը շատ արժեքավոր է, քանի որ մենք հնարավորություն ունեցանք լսել Հայաստանի նախագահի պարզաբանումները»,-ասել է արքեպիսկոպոսը: Նա կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Ըստ նրա, Սփյուռքը դեմ չէ սահմանի բացմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: «Մենք ուղղակի ցանկանում ենք, որպեսզի այդ հարցերը չվնասեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Սա է մեր մտավախությունը, եւ եթե Արձանագրություններն մի փոքր այլ կերպ ձեւակերպված լինեին, նման մտավախություններ, հավանաբար, չէին լինի»,-ասել է ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդը: