3 հոկտեմբերի 2009 - 20:07 AMT
Հայաստանը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին
Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերը մեկնարկել են Բեյրութում`սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը: Առաջին անգամ այդ խաղերում Հայաստանը կմասնակցի որպես դիտորդ:

Այս տարի խաղերը կանցկացվեն կատարողական, պարի, գրականության, գեղարվեստի, քանդակագործության եւ լուսանկարչական արվեստների ոլորտում:

Այդ խաղերին կարող են մասնակցել երիտասարդության ներկայացուցիչներն այն երկրներից, որոնք հանդիսանում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներ կամ դիտորդներ: Մասնակիցները չպետք է լինեն 35 տարեկանից բարձր:

Ազգային ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների ընտրության համար Երեւան են ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային ժյուրիի անդամները` Գրիեդե Կաբասինսկիենենը եւ Սիմոնա Տանասեսկուն:

Լիբանանում երգարվեստ անվանակարգում Հայաստանը կներկայացնեն` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «Հայաստանի ձայներ» համույթը, Խ. Աբովյանի անվան Հայաստանի Պետական մանկավարժական եւ Ֆրանսիական համալսարանների ուսանողները: Պարարվեստի անվանակարգում հանդես կգա «Ոգու եւ պարի թատրոնը», գրականության` Բրյուսովի անվան Լեզվաբանական Պետական համալսարանից Կարինե Էվոյանը, գեղանկարչության` Գեղարվեստի Ակադեմիայի ասպիրանտ, Հայաստանի Նկարիչների միության անդամ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Արթուր Հովհաննիսյանը, քանդակագործության անվանակարգում` Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի շրջանավարտ, 2008 թ-ի պետական ցուցահանդեսի մասնակից Հայկ Թորոսյանը: