5 հոկտեմբերի 2009 - 21:51 AMT
Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետ են զարգանում
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ'Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ագային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ Պրովանս-Ալպ-Կոտ-դ'Ազյուր տարածաշրջանային խորհրդի պատվիրակության այցը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը: Պրն. Աբրահամյանն այդ հարաբերությունները բնորոշեց գերազանց եւ բարձր գնահատեց երկու երկրների մարզերի եւ տարածաշրջանների, ինչպես նաեւ բազմաթիվ համայնքների ուղղակի եւ ապակենտրոնացված համագործակցությունը: Այդ համատեքստում նա իր գոհունակությունը հայտնեց Պրովանս-Ալպ-Կոտ-դ'Ազյուր տարածաշրջանի եւ Լոռու մարզի միջեւ ծավալվող համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց պրն. Վոզելին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշման եւ այդ գործընթացին իր անձնական ներդրման համար: Պրն. Աբրահամյանը հատկապես կարեւորեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր տարածաշրջանային խորհրդի 2008թ. դեկտեմբերի 12-ի միաձայն որոշումը, համաձայն որի խորհուրդը դիմեց Ֆրանսիայի կառավարությանը եւ Սենատին` առաջարկելով վերջինիս օրակարգում անհապաղ ընդգրկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` պատասխանելով իր հյուրերի բազմաթիվ հարցերին: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: