6 հոկտեմբերի 2009 - 18:08 AMT
Մոսկվայի հայկական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ նախագահին չստորագրել արձանագրությունները
Մոսկվայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ է արվում Հայաստանի նախագահին հրաժարվել հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախաստորագրված հայ - թուրքական արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների «դե յուրե» ճանաչում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկման համար հանձնաժողովի ստեղծում: Նրանում նաեւ նշվում է, որ փաստաթղթերը միայն մի մասն են թուրքական կառավարության քաղաքականության, եւ գործընթացն արդեն ցույց է տվել, որ Թուրքիան արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը կապում է իր եւս մեկ նախապայմանի հետ. հայակական կողմից Արցախյան հարցում զիջումների:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները նշում են, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման նման ճանապարհն ընտրելով, որը պահանջում է արձանագրությունների վավերացում, կստանա Հայաստանի վրա միջազգային-իրավական ճնշում գործադրելու լծակ: Այս կապակցությամբ, Մոսկվայի հայկական կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին չստորագրել արձանագրությունները եւ դուրս գալ արժանի պայմաններ չապահովող առկա բանակցություններից: