6 հոկտեմբերի 2009 - 18:33 AMT
Հայաստանի ու Բուլղարիայի Կոմպոզիտորների միության խնդիրները համարժեք են, իսկ գործունեության մասշտաբներն` անհամեմատելի
«Բուլղարիայում ստեղծվում է ժամանակակից երաժշտություն, սակայն կատարվում է ոչ այնքան հաճախ, որքան ցանկալի կլիներ: Սակայն հնարավորությունների եւ արդի երաժշտության հանդեպ հետաքրքրության զարգացման համար հարկավոր է ապահովել նաեւ կոմպոզիտորների ու կատարողների համագործակցությունը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի Կոմպոզիտորների միության նախագահ Վեիսլավ Զաիմովը:

Նրա խոսքերով, Բուլղարիայում շատերն են երաժշտության նման ինչ-որ բան ստեղծում, սակայն իսկական կոմպոզիտորները քիչ են: «Պետական քաղաքականության բացակայությունը մշակույթի ոլորտում նպաստում է տարբերի խնդիրների առաջացմանը: Ուստի ստեղծագործական միությունները ջանում են խնդիրներն ինքնուրույն լուծել»,-ասել է Զաիմովը:

Հայ երաժշտական ասամբլեայի նախագահ Լեւոն Չաուշյանն իր հերթին ընդգծել է. «Չնայած իմ գործընկերոջ դժգոհությանը, պետք է ընդգծեմ, որ իր ղեկավարած միությունը բավական արդյունավետ է աշխատում` անցյալ տարի հունիսի 15-21-ը Կոմպոզիտորների միության դահլիճում 7 լուրջ համերգ է կազմակերպվել: Եվ սա համերգներով հագեցած միակ համերգը չէ: Գործունեության նման մասշտաբի Հայաստանի կոմպոզիտորների միությունը վաղուց արդեն չի ձգտում»: