6 հոկտեմբերի 2009 - 20:41 AMT
ԱՊՀ եւ Բալթյան երկրների հրատարակիչները Երեւանում կքննարկեն ազգային գրականությունների փոխհարաբերությունների մեխանիզմները
2009 թ. հոկտեմբերի 7-10-ը Երեւանում կկայանա ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների «Թարգմանության պրակտիկան եւ շուկան. ազգային գրականությունների փոխգործակցության մեխանիզմները» թեմայով երրորդ համաժողովը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ եւ իրականացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն հասարակական կազմակերպության կողմից:

Հոկտեմբերի 7-ին Մոսկվայի տանը համաժողովի շրջանակներում կբացվի նաեւ ավանդական դարձած գրքի միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների` Բելոռուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի ավելի քան 40 հրատարակչություններ եւ պարբերական հրատարակություններ: