7 հոկտեմբերի 2009 - 21:09 AMT
Թուրքական դատարան. Օրհան Փամուկը հատուցում չի վճարի հայերի զանգվածային ջարդերի մասին արտահայտվելու համար
Թուրքիայի Բողոքարկման Բարձրագույն դատարանը որոշել է ազատել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հատուցման վճարումից այն բանի համար, որ միտք էր արտահայտել այն մասին, որ «թուրքական հողի վրա սպանվել են 1 միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր»:
2009թ. մայիսին Բողոքարկման Բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց Փամուկի նկատմամբ դատավարությունը դադարեցնելու մասին ստորին ատյանի դատարանի որոշումը: Ստամբուլի դատարանը ստիպված էր եւս մեկ անգամ լսել այդ գործը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրքական ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանապատվությունը նվաստացնելու եւ պիղծ մեղադրանքներ առաջադրելու» համար: Շվեյցարական թերթերից մեկին 2005թ. տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, որ «Թուրքիայում սպանվել են 1 միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր»: