8 հոկտեմբերի 2009 - 18:40 AMT
Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց
«Չնայած Սերժ Սարգսյանի համոզիչ խոսքին, Սփյուռքի դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Սեպուհ Կալպակյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի հանդիպումը Լիբանանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով, չնայած Սերժ Սարգսյանի համոզիչ խոսքին, Սփյուռքի դիրքորոշումը չի փոխվել: Նրանք, ովքեր հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին մնացին, իսկ ովքեր դեմ էին, նույնպես չփոխեցին իրենց տեսակետը:

«Խնդիրը նրանում է, որ ժողովուրդը չի հավատում իշխանություններին: Հենց այդ հարցը պետք է առաջնային լինի Հայաստանի իշխանությունների համար, նրանք պետք է այնպես անեն, որ ժողովուրդը իրենց հավատա»,- ասել է Կալպակյանը: Ընդ որում նա նաեւ նկատել է, որ Արձանագրությունների ստորագրման համար դեռ ստիպված ենք լինելու վճարել, պարզապես դեռ հայտնի չէ, թե ինչ գնով:

Կալպակյանը նաեւ նշել է, որ երեք ավանդական հայկական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը եւ Ռամկավար-Ազատական կուսակցությունը, ներկա էին նախագահի հետ հանդիպմանը, թեեւ ոչ բոլորն ընդունեցին զրույցն ընթրիքի սեղանի շուր շարունակելու հրավերը:

«Չեմ կարող ասել, թե արդյոք կարելի է նախագահի համահայկական ուղեւորությունը հաջողված համարել, թե ոչ, քանի որ մեզ հայտնի չէ նրա այցի իրական նպատակը»,- ընդգծել է Սեպուհ Կալպակյանը: