9 հոկտեմբերի 2009 - 15:01 AMT
Տնտեսական առումով Հայաստանը պատրաստ չէ սահմանի բացմանը
Տնտեսական առումով Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի սահմանի բացմանը, գտնում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, միակ հետազոտությունը, որ կա այս պահի դրությամբ, այն հետազոտությունն է, որը ԵՄ-ն հանձնարարել էր AIEPLAC-ին անցկացնել 4 տարի առաջ: «Այդ հետազոտման մեջ ասվում է, որ Հայաստանի առեւտրային ներուժը սահմանի բացման դեպքում կավելանա 20 մլն դոլարով, սակայն դա ծիծաղելի ցուցանիշ է, քանի որ թուրք հետազոտողներն ասում են, որ 2 տարուց առեւտրային ներուժը կավելանա 400 մլն դոլարով: Բացի այդ, այդ հետազոտությունները ֆինանսավորում է թուրքական կառավարությունը»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ Բագրատյանի, Թուրքիայում լավ է զարգացած փոքր ու միջին բիզնեսը, ինչի շնորհիվ նրան միշտ հաջողվել է դիմակայել արտաքին շոկերին: «Այդ մասին է վկայում ՀՆԱ-ի անկման տոկոսը, որ 8 ամիսների համար Հայաստանում կազմել է 18,4 տոկոս, իսկ Թուրքիայում նույն ցուցանիշը կազմել է 7 տոկոս»,-նշել է նա: Այս առնչությամբ Բագրատյանը հավելել է, որ Թուրքիան շահագրգիռ չէ Հայաստանի տնտեսության զարգացման հարցում եւ կհամագործակցի տեղի օլիգարխների հետ` հասկանալով, որ նրանք թույլ չեն տա, որ զարգանա փոքր ու միջին բիզնեսը: Միեւնույն ժամանակ, ստեղծված պայմաններում հայ արտադրողները կկենտրոնանան գյուղմթերքի արտադրության, մասնավորապես խաղողի ու ծիրանի աճեցման վրա:

Այնուամենայնիվ, ըստ Բագրատյանի, «Հայաստանում չկան այնպիսի ուժեր, որոնք դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը»: