9 հոկտեմբերի 2009 - 21:12 AMT
Հայաստանը կզարգացնի իր ռազմա-արդյունաբերական համալիրը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի բարեփոխումներին, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ բարձրագույն սպայական կազմը:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ բարեփոխումներն ուղղված են նրան, որ որակական բարեփոխման հաշվին հասնենք այն խնդիրների իրականացմանը, որոնք գրանցված են բարեփոխումների ծրագրում:

Ըստ Օհանյանի, ՀՀ Զինված ուժերը հասել են այն մակարդակի, որ բարեփոխումները դարձել են հրամայական եւ երկրի հետագա զարգացման երաշխավոր:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Օհանյանը նշել է, որ սահմանի բացման դեպքում նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի հնարավոր բացասական գործոնների չեզոքացման համար:

Իր հերթին ՀՀ ԱԱԾ քարտուղար Ա.Բաղդասարյանը նշել է, որ բարեփոխումներն ընթանում են երկու ուղղությամբ` «պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, եւ բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ՀՀ միջազգային պայմանագրերով»: Նա կարեւորեց այն փաստը, որ կավելացվի քաղաքացիական բաղադրիչը` հավելելով, որ ՀԱՊԿ շրջանակներում հարկավոր է զարգացնել ռազմա-արդյունաբերական համալիրը, որի մասին որոշումը կայացվել է մեկ շաբաթ առաջ Մինսկում` անդամ կազմակերպությունների ԱԱԾ քարտուղարների համաժողովում: