10 հոկտեմբերի 2009 - 16:00 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին` երեւանյան ժամանակով 20:00-ին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունների ստորագրման արարողությունը կկայան այսօր` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխի համալսարանում, երեւանյան ժամանակով 20:00-21:00: Ողջ արարողությունը կտեւի 1 ժամ: Ինչպես Ցյուրիխից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն իրենց ստորագրությունները կդնեն փաստաթղթի տակ, բոլոր հիմնական մասնակիցներին ելույթի համար 3-ական րոպե կտրամադրվի:

Սահմանված կանոնադրության համաձայն, հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման մասին հայ ժողովրդին հղված իր ուղերձում կհաղորդի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորագրման արարողությանը մասնակցելու համար Ցյուրիխում են գտնվում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: