12 հոկտեմբերի 2009 - 10:52 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանը խուճապի է մատնվել
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, կապված հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ:
Իր հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ քննադատել է Թուրքիայի գործողությունները` վկայակոչելով Թուրքական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնական անձանց բազմաթիվ հայտարարությունները, առանձնապես ընդգծելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ «քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, հայ-թուրքական սահմանը չի բացվի»:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախքան ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին եւ ստվեր է նետում պատմական արմատների վրա հիմնված Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանում բոլոր սահմանների եւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը` Ադրբեջանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը միակողմանի կարգով հարցականի տակ կդնի տարածաշրջանային խաղաղության ճարտարապետության խնդիրը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳն հայտարարության մեջ: