12 հոկտեմբերի 2009 - 13:20 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում, երկուշաբթի օրը կքննարկեն առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, հեռանկարում էներգետիկ խոշոր նախագծերի իրագործումը, նաեւ ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱսԷՀ-ում համագործակցությունը:

Սարգսյանը Մոսկվա կժամանի ՌԴ նախագահի հրավերով: Այդ հանդիպումը յոթերորդն է ընթացիկ տարում հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն աղբյուրների, երկկողմ հիմքի վրա ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ԱՊՀ տարածքում բազմակողմանի ինտեգրման չափանիշների շրջանակներում, լուրջ կայունացնող ազդեցություն է թողնում Կովկասի իրավիճակի վրա: Այս կապակցությամբ ՌԴ եւ Հայաստանի նախագահները կքննարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր, ներառյալ Արագ արձագանքման հավաքական ուժերի գործունեության թեման, այդ թվում նաեւ այս տարի Ղազախստանում կայացած «Համագործակցություն` 2009» ԱԱՀՈւ-ի զորավարժանքների առումով:

Համաշխարհային ճգնաժամային երեւույթներին հակազդելու եւ նորարարական առաջադիմության աջակցման մեխանիզմների մշակման ենթատեքստում` Մեդվեդեւը եւ Սարգսյանը կքննարկեն հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները, նաեւ երկխոսությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում (Հայաստանը ԵվրԱսԷՀ-ի դիտորդն է):

Հնարավոր է, որ պետության ղեկավարներն ուշադրություն կդարձնեն ղարաբաղյան կարգավորման հարցին: