12 հոկտեմբերի 2009 - 18:56 AMT
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի փոխգործակցությունը գնահատել են գերազանց: Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:

Կարեւորելով ԱՄՀ ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը մեր երկրին` Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ Հիմնադրամի ներդրումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:

Զրուցակիցները մտքերեն փոխանակելգլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը` արդյունավետ օգտագործվելու առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները:

Կողմերը կարեւորել են տնտեսության դիվերսիֆիկացիայի, կառուցվածքային բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական եւ հետեւողական աշխատանքը: Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ մշտապես կողմ է բաց սահմաններին: