14 հոկտեմբերի 2009 - 19:17 AMT
ՀՀ կառավարությունը պետք է որոշի Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերը
ՀՀ կառավարությունը պետք է որոշի Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են առաջնային լինել ապագայում երկրի զարգացման համար: Նման կարծիք է հայտնել Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի երկրում ենք ցանկանում ապրել 10-15 տարի անց, եւ որ ոլորտները հանդես կգան որպես նրա զարգացման լոկոմոտիվներ»,-ասել է նա: Ըստ մասնագետի, կառավարությունը լուծում է իրավիճակային հարցեր եւ չի մշակում երկրի զարգացման կայուն ռազմավարություն:

Վարդանյանը դրական է գնահատել հայ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները սոցիալական ծախսերի մակարդակի պահպանման առումով, սակայն, նշել է, որ «եթե միաժամանակ չլինի ռազմավարական զարգացում, մենք մեծ խնդիրների առջեւ կկանգնենք ապագայում»:

Հայաստանի կառավարությունը կրճատել է 2010թ. պետբյուջեի նախագծի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նախատեսված ծախսային մասը: