14 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
ՀՅԴ. ՀՀ նախագահի այցը Թուրքիա նպատակահարմար չէ
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելության համար բավարար նախադրյալներ չկան, քանի որ Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը, թուրքական կողմը չի բացի սահմանը»,-ասել է ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի նախագահը պետք է հայտարարի, որ չի մեկնի Թուրքիա, քանի որ սահմանը բաց չէ եւ կողմերը նույնիսկ մոտ չեն դրան:

Անդրադառնալով Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը` Հովհաննիսյանը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ արհեստականորեն արագացվել է, ինչը մանեւրելու հնարավորություն չի տալիս հայկական կողմին:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը սահմանի բացման կամ կարգավորման գործընթացի կասեցման դեպքում, Վահան Հովհաննիսյանը նշել է, որ առաջին դեպքում ՀՀ ղեկավարությունը պետք է անհապաղ կադրային փոփոխություններ կատարի կառավարման գործընթացում եւ օրենսդրական բարեփոխումներ անցկացնի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը մրցունակ դառնա: Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարեցման դեպքում, նա նշել է վերը նշված բարեփոխումների ու Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: