15 հոկտեմբերի 2009 - 16:08 AMT
ՀՀԿ-ն դատապարտում է հայ լրագրողների հետ Բուրսայում տեղի ունեցած միջադեպը
«Ես դատապարտում եմ այն փաստը, որ հայ լրագրողների ավտոբուսը քարկոծեցին Բուրսայում», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, վերոհիշյալ փաստը հանդիսանում է այն բանի վառ օրինակը, որ Թուրքիայում կան խնդիրներ հանդուրժողականության, խոսքի ազատության հետ , սակայն դրան զոգահեռ, Թուրքիայում կան մարդիկ, որոնք ազատ խոսում են Հայոց ցեղասպանության մասին եւ չեն ժխտում այն:

Հոկտեմբերի 14-ին Բուրսայում, Աթաթուրքի մարզադաշտում, որտեղ տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ, քարկոծեցին հայ լրագրողների ավտոբուսը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից, ոստիկանությունը չէր կարող կարգի հրավիրել մարզադաշտի առջեւ հավաքված ամբոխին: Հավաքվածները իր ձեռքերում պահում էին ադրբեջանական դրոշեր: