15 հոկտեմբերի 2009 - 16:20 AMT
Վանիկ Ավետիսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին
Հայ ծանրամարտիկ Վանիկ Ավետիսյանը (62 կգ ք/կ) մինչեւ 23 տարեկանների պատմության մեջ առաջին Եվրոպայի առաջնությունում երկամարտում բարձրացրել է 270 կգ (119` պոկում վարժությունում, 151-ը` հրում վարժությունում) եւ նվաճել է բրոնզե մեդալ` այդպիսով, երկրորդ մեդալը բերելով Հայաստանի հավաքականին: Մինչեւ 62կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց լեհ Դամիան Վիշիեւսկին (274 կգ), իսկ արծաթը նվաճեց թուրք ծանրամարտիկ Սեզեր Բունյամին (273 կգ):

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հոկտեմբերի 15-ին տեղի կունենան մինչեւ 69 կգ քաշային կարգում ծանրամարտիկների մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի Դավիթ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիսլավովո` Լեհաստան, կազմում ունենալով 9 մարզիկ: