15 հոկտեմբերի 2009 - 17:59 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան մի երկիր է, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին
Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերն ապացուցում են թուրքական հանրության մեջ առկա անհանդուրժողականությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Դատելով այն ամենից, ինչ մենք տեսանք երեկ` թուրք երկրպագուներին ոչ հարիր վերաբերմունքը Հայաստանի օրհներգի նկատմամբ, այն, որ թուրք լրագրողների ավտոբուսը քարկոծեցին, կարելի է հասկանալ, որ Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ: Այդ երկիրը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- ասել է թուրքագետը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական հանրության մեջ տիրող նման տրամադրություններն անհանգստության առիթ են տալիս: