15 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT
ՀՀ կառավարությունը թույլ չտվեց Ջրվեժի անտառը հանձնել տեղական իշխանությունների տնօրինությանը
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի տեղի ունեցած նիստում բավարարել է շրջակա միջավայրի պաշտպանության հասարակական կազմակերպությունների պահանջները` թույլ չտալ Ջրվեժի անտառի 24 հա ընդհանուր տարածքի օտարումը ի օգուտ տեղական իշխանություններին: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ որոշումը համարում է արդարացի: «Ուզում եմ նաեւ նշել, որ մենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից ստացել ենք նամակ, որտեղ նույնպես վերլուծվել է իրավիճակը, եւ ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ այդ 24 հա-ն վերադարձվի ընդհանուր համալիրին։ Այդ որոշումով մենք ըստ էության վերականգնեցինք արդարությունը», - ասել է նա:

Սեպտեմբերին հասարակական կազմակերպությունները կոչ արեցին ՀՀ բնապահպանության նախարարին վերանայել 684 H 2009 թ-ի հուլիսի 18-ի որոշումը, համաձայն որի անտառից օտարվում է եզակի սոճիներով տարածք: Հասարակական կազմակերպությունները կարծիք հայտնեցին, որ այդ որոշումը կոռուպցիայի դրսեւորում է, եւ պետք է չեղյալ հայտարարվի: