16 հոկտեմբերի 2009 - 12:31 AMT
Ադրբեջանի նախագահը դիմել է բանակին պատրաստ լինելու կոչով
Ադրբեջանի նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը կոչ է արել երկրի բանակին պատրաստ լինել: Ըստ նրա, պատերազմը դեռեւս ավարտված չէ եւ Ադրբեջանի բանակը պետք է ամեն պահի պատրաստ լինի «վերադարձնել իր հողերը»:

«Այսօր հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք ձգտում ենք լուծել այն բանակցությունների միջոցով: Սակայն մեր սկզբունքային դիրքորոշումը միանշանակ է` հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն մեր հողերից, մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախները: Այս շրջանակներից դուրս ոչ մի այլ մոտեցում չի քննարկվում եւ Ադրբեջանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ»,-ասել է պետության ղեկավարը` հավելելով, որ, Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը, անկախ այն բանից, որ դա հսկայական ծախսեր է պահանջում, հաղորդում է Bakiliar.AZ-ը: